Մեծ Բրիտանիան կողմ է Եվրամիությունից դուրս գալուն, երեկվա հանրաքվեի նախնական արդյունքներով ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ից հեռանալու օգտին: The Independent-ը գրել է՝ մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 52%-ը, մնալու օգտին` 48%-ը: Եվրասկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով պատմական հաղթանակի մասին, ասել է. «Բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»:
Նա կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայումը, սակայն ԵՄ-ից դուրս գալու գործընթացը կպահանջի նվազագույնը երկու տարի, իսկ այդ ընթացքում չի բացառվում, որ գործընթացը վերախաղարկվի, թեպետ վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարում էր, որ հանրաքվեն վերջնական պատասխան է տալու՝ հեռանա՞լ, թե՞ մնալ հարցին: Վարչապետը փաստացի հայտնվեց իր լարած որոգայթում՝ ԵՄ-ից նոր արտոնություններ ստանալու համար հենց նա առաջադրեց հակառակ դեպքում կառույցից դուրս գալու տարբերակը, թեպետ մշտապես հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից չպետք է դուրս գա: Նա դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել՝ սպասելով վերջնական արդյունքների հրապարակմանը:
Փորձագետները կանխատեսում են, որ հեռու չէ Շոտլանդիայի անկախացման հարցով նոր հանրաքվեն, Միացյալ թագավորությունից հեռանալու ձգտումներ ունի և Իռլանդիան: Ֆունտ ստեռլինգը դոլարի համեմատ գրանցել է պատմական մինիմում՝ արժեքով համարյա հավասարվելով: Հետաքրքիր է՝ իսկ հրաժարական կտա՞ վարչապետ Դևիդ Քեմերոնը, եթե Մեծ Բրիտանիան քվեարկեց նրան հակառակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առայժմ հանրաքվեի արդյունքներին չի արձագանքել Բրյուսելը: Ֆրանսիայի նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին նախօրեին ասել էր՝ կհեռանա՞ Լոնդոնը ԵՄ-ից, թե՞ ոչ, ԵՄ-ում անխուսափելի են փոփոխություններն ու իրավիճակի վերագնահատումը: